Երբ Արևմուտքը ֆինանսապես և տեխնիկապես օժանդակում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հույս ունի, որ դրանք կանցկացվեն եվրոպական չափանիշներին մոտ` հատկապես կոնսենսուսային ԸՕ-ի ընդունումից հետո:
Սակայն միայն այն փաստը, որ տեղամասերում ամեն բան արձանագրվում և նկարահանվում է` դեռ երաշխիք չէ, թե ընտրություններն օրինական են լինելու: Դրա համար անհրաժեշտ է, որ իշխանությունները նման ցանկություն ունենան, իսկ դա պրակտիկորեն անհնար է, որովհետև հակասում է իշխանության իրական ցանկությանը` վերարտադրությանը:
Իսկ վերարտադրվել ու նաև անցնցում ընտրություններ անցկացնել` իշխանությունները կարող են միայն փողի, ավելի ճիշտ` ընտրողներին կաշառելու միջոցով: Հենց այս «փիլիսոփայությունն» է ընկած ռեյտինգային ընտրակարգի հիմքում:
Ընտրակաշառքը գուցե նպաստի անցնցում ընտրությունների անցկացմանը, սակայն դրանք հաստատ հեռու կլինեն եվրոպական չափանիշներից: Հենց այս մեսիջը մի քանի անգամ հնչեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ ամենայնի, հարգարժան դիվանագետը համարել է, որ իր հրապարակային մեսիջները տեղ չեն հասել և երեկ այցելել է ՀՀԿ գրասենյակ` իշխանության ներկայացուցիչներին ուղղակիորեն հասկացնելու, որ անվտանգությունն ու առաջընթացն անհամատեղելի են ընտրակաշառքի հետ: Սա ամերիկյան քաղաքակիրթ նախազգուշացում է Հայաստանի իշխանություններին:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ